1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
Փոփոխված տեքստը`
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթնամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: